Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
Քաղաքականություն
30.06.2026 | 15:03
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։
«Պարոն Փուրմոհամմադիի և իմ հանդիպման ժամանակ, որը մենք ունեցանք պարոն Փաշինյանի հետ Հայաստան կատարած մեր այցի ընթացքում, նա հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը։ Հայ համայնքը գրեթե առաջին համայնքն էր Իրանում, որն ապրիլի 19-ին կազմակերպեց նահատակ իմամի հուղարկավորության արարողությունը։ Այս արարողությունը համընկավ հրադադարի օրվա հետ։ Բայց մենք նախապես պլանավորել էինք անցկացնել այս արարողությունը»,- ասել է նա։
Նա նշել է, որ «հայ համայնքն առանձին ծրագիր չունի հուղարկավորության արարողության համար։ Համայնքի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն հայտարարվող արարողություններին»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությանը արարողությանը՝ Շահվերդյանը նշել է. «Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի պաշտոնում իմ և Իրան-Հայաստան համատեղ տնտեսական պատվիրակության ղեկավարի պաշտոնում դոկտոր Փուրմոհամմադիի Հայաստան կատարած այցի ժամանակ, ՀՀ վարչապետի և նրա տեղակալի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, որ կմասնակցեն արարողությանը»։
ՀՀ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում Թեհրան այցի մասին տեղեկությունը։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Factor TV-ին ասել է՝ «վարչապետի գործողումների վերաբերյալ տեղեկությունը պատշաճ ձևով կհրապարակվի»։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները կսկսվեն Թեհրանում շաբաթ և կիրակի օրերին՝ Մոսալլա աղոթքի համալիրում, որը պետական կրոնական խոշոր հավաքույթների համար նախատեսված քաղաքի գլխավոր վայրն է։
Հուլիսի 7-ին երթը կշարժվի դեպի Ղոմ, որն Իրանում շիա աստվածաբանության կենտրոնն է և աշխարհում շիաների ամենակարևոր ճեմարանական քաղաքը։
Խամենեիի մարմինը հողին կհանձնեն նրա հայրենի Մաշհադ քաղաքում՝ հուլիսի 9-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

