Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում նավթամթերքի հնարավոր ներմուծման շուրջ։ Ռուսաստանը կապի մեջ է այլ երկրների հետ՝ նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Հասկանալի պատճառներով՝ մենք այս մասին չենք խոսի։ Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ընդունելի գների վերաբերյալ, դա տեղի կունենա։ Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ՝ ուղղված պահանջարկի այս աճը նվազեցնելուն»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ամեն օր ուշադիր հետևում է վառելիքի շուկայի իրավիճակին։ Հարցը՝ արդյո՞ք կառավարությունն իսկապես քննարկում է վառելիքի չափանիշը Եվրո-2-ի իջեցնելու հարցը, Պեսկովը վերաուղղել է Նովակի գրասենյակ։
Հունիսի 24-ին Reuters-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը դիմել է Ղազախստանին՝ շուրջ 50,000 տոննա AI-92 բենզին մատակարարելու խնդրանքով։ Այդ ժամանակ Աստանան պաշտոնապես հերքում էր բանակցությունները, իսկ Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը հայտարարել էր, որ Մոսկվայից պաշտոնական դիմում չի ստացվել։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում բենզինի արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, նվազել է շուրջ մեկ քառորդով։ Ներմուծումից բացի՝ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են բենզինի արտահանման սահմանափակումները և վերամշակող գործարանների համար սուբսիդիաների ավելացումը։ Մոսկվան արդեն մեղմացրել է ներքին շուկայի համար բենզինի և դիզելային վառելիքի որակի պահանջները և մշակում է վառելիքի ծովային մատակարարման հնարավորությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

