Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
30.06.2026 | 11:52ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՍԴ դիմող քաղաքական ուժերը ներկայացնում էին, որ շուրջ 100 000 անձնագրերի հետ կապված խնդիր է եղել ընտրությունների օրը, ասաց.
«Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79215 դեպքի մասին է, երբ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենաընթեռնելի հատվածը։ Դա բնական, նորմալ երևույթ է և կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։ Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, թեկուզ Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ այդ թիվը 109 000-ից ավելի է եղել։
Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե՛ սարքի մեջ, թե՛ անձը հաստատող փաստաթղթի վրա, պարզապես այդ մեքենաընթեռնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն՝ այդ սարքի հնարավորությունը, դա հավելյալ երաշխիք և հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում»։
Մանրամասները՝ տեսանյութում։

