Իրանը նախազգուշացնում է՝ անհապաղ կարձագանքի ցանկացած սպառնալիքի՝ հիշեցնելով Իսրայելին զսպելու ԱՄՆ-ի հանձնառության մասին
Քաղաքականություն
01.07.2026 | 17:51
Իրանն անհապաղ և հզոր պատասխան կտա իր ժողովրդի կամ ղեկավարության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի։ X-ում այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ նախագահը պարտավորվել է լռեցնել իր ընտանի կենդանիներին Թել Ավիվում։ Եթե նրանք անտեսեն իրենց տիրոջը, Իրանը կսովորեցնի նրանց»,- ասել է Արաղչին։
ԱՄՆ-ը և Իրանն այսօր միջնորդավորված տեխնիկական բանակցություններ են վարել Դոհայում։ Կողմերը ձգտում են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավագնացության հոսքի շուրջ և ապահովել կայուն հրադադար, ասել են բանակցություններին անմիջականորեն տեղյակ աղբյուրը և իրանցի պաշտոնյան:
Արաղչիի գրառումը կցված է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «մահվան նշանով» արված մեկնաբանություններին։ Ավելի վաղ Կացը հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանում, Սիրիայում և Գազայում ստեղծված, այսպես կոչված, անվտանգության գոտիներում՝ առանց դուրսբերման որևէ ժամանակացույցի։
«Իսրայելի պաշտպանության բանակը անորոշ ժամանակով կմնա Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ մեր բնակիչներին և համայնքները ջիհադիստական տարրերից պաշտպանելու համար»,- ասել էր Կացը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելը կրկին կհարվածի Իրանին «անհրաժեշտության դեպքում»՝ խոստանալով, որ Թեհրանը «միջուկային զենք չի ունենա»։
«Իրանում մենք մեզ փրկեցինք ատոմային ռումբերից»,- պնդել է Նեթանյահուն Իսրայելի Channel 14-ին տված հարցազրույցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

