ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.07.2026 | 18:17Սահմանադրական դատարանում ավարտվեց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։ Որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ վերջում եզրափակիչ ելույթ ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ վստահեցնելով, որ ԿԸՀ որոշումն ամբողջությամբ իրավաչափ է, իսկ ընդդիմության պնդումները՝ անհիմն։
«Այն, որ Սահմանադրական դատարան դիմելը դա նաև ցանկացած քաղաքական ուժի նաև քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չէ ինստիտուտին հարվածել, որովհետև դա ձեր շահերից չէ: Եվ այո՛, որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն կտա քաղաքական ուժերին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ ապահովելու է, որպեսզի մեր քաղաքացու կամքը ամրագրվի»,- ասաց նա։
Հովակիմյանը շեշտեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմն արդեն երեքուկես տարի է, ինչ գործում է և անցկացրել է 10-ից ավելի ընտրություններ, որոնք երբևէ չեն բողոքարկվել։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի. այն անկախ է առավել քան երբևէ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Սահմանադրական դատարան դիմելը որոշ քաղաքական ուժերի համար պարզապես «քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց է»։
Հովակիմյանը ընդդիմությանը դիմելով նշեց՝ չի կարելի «մասսայական կեղծիքների» մասին հայտարարություններ անել առանց ապացույցներ բերելու։ Նա նշեց, որ թվայնացված և թափանցիկ գործընթացների պայմաններում հնարավոր չէ խոսել կեղծիքների մասին, երբ չկան կոնկրետ փաստեր։․ «Կարելի է գալ, կանգնել Սահմանադրական դատարանում և ասել՝ մասսայական կեղծիքներ։ Լավ, 10 չէ, գոնե 5 փաստ ներկայացրեք։ Ասելով չէ, որքան շատ ասեք, դա դեռ փաստ չի դառնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եզրահանգել է, որ դիմումներում ներկայացված պնդումներով չի հավաստվում այնպիսի խախտումների առկայություն, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա»։
Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն վերահաշվարկ է իրականացրել 637 ընտրական տեղամասերում՝ փարատելու համար բոլոր մտահոգությունները։ Արդյունքում, միայն երեք տեղամասում են արդյունքները ճանաչվել անվավեր՝ տեխնիկական և ընթացակարգային լուրջ խախտումների պատճառով՝ օրինակ՝ քվեաթերթիկի բացակայություն կամ ժամից ուշ փակված տեղամաս։ Նա նաև մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ այդ խախտումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Որպես օրինակ նշվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքը, որը «նույնիսկ այդ տեղամասերի ձայների պարագայում չէր հաղթահարի անցողիկ շեմը»։
«Արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հետևանքները՝ վերոնշյալ երեք ընտրական տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը ինքնին կասկածի տակ չի դնում ընտրությունների վերջնական արդյունքները: Հակառակը՝ այն ցույց է տալիս, որ ընտրական վարչարարությունը առանձնացրել է կոնկրետ խնդրահարույց տեղամասերը, չեզոքացրել դրանցում տեղի ունեցած ընտրական օրենսդրությանը չհամապատասխանող քվեարկության հնարավոր ազդեցությունը վերջնական արդյունքների վրա և այդ առանձին դրվագները չի տարածել այն տեղամասերի վրա, որտեղ նման իրավական հիմքեր չեն արձանագրվել»,- ասաց Հովակիմյանը։
Ելույթի վերջում Վահագն Հովակիմյանը կոչ արեց Բարձր դատարանին ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի թիվ 258-Ա որոշումը և մերժել բոլոր բողոքները։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրավաչափ է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է Սահմանադրական դատարանից մերժել բոլոր դիմումները: Ըստ էության, այս դատավարության ընթացքում դիմողները ոչ թե ընտրական համակարգի գործողություններն են կասկածի տակ դնում, այլ գործնականում կասկածի տակ է դրվում մեր ընտրողի կամքը»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

